Վերջնական Փուլ-6 Անահիտ

Դնգստող Վնգստանը

Ես շուն եմ: Անտեր, քնձռոտ շուն: Անտեր եմ, տե’ր չունեմ, չո’ւ -նեմ տեր. viva la liberta . էդ լիբերթա կոչվածը շատ եմ սիրում: Ես սովորական շուն չեմ, անտեր եմ, բայց տերովները երազում են իմ տեղը լինեն. Դնգստող Վնգստանն եմ: Դնգստում ու ո~նց եմ դնգստում, երկու թաթով բռնում, թավալում եմ գետնին, մազերը քամուն եմ տալիս, փըռռռ. փըռռ: Ահա…տեսա էդ Կյաժ Նունուշին, ո~նց եմ փրփրում: Էդ նուրբ դնչիկը ոնց եմ ուզում բռնեմ ու հոտոտեմ, լիզեմ, լիզեեեմ, թաթովս տամ, էդ կյաժ մազերը օդ հանեմ, բայց գիտեմ, որ ձև է տալու իրեն, ինքը արվեստագետ պուդել է , Արվեստով շների միության անդամ, ինքը ամենագետ-ամենատեսն է. Երեկ գնացել էինք ոսկորների անզուգական ցուցահանդեսին, այսօր գնացինք Ուաու Հաֆի “Հաֆ-հաֆ, ա’յ պառավ” գրքի շնորհանդեսին, վաղը գնալու ենք Հաչե Քուչոյի “Հաչոցը” օպերան լսելու : Դե’, գիտե՞ք՝ ե’ս կարծում եմ… դե’ հասկանո՞ւմ եք, որ ե’ս… ե’ս եմ… ե’ս պիտի… ե’ս էի ու եմ… Էդ շուն, շնից ծնվածը ռեստորանում է ճաշում, ուտելիքը էնքան թանկ արժե, որ դրանով ոչ միայն մեզ նման մի հարյուր շուն, հետն էլ էդքան սոված մարդ կկշտանա: Փըըռռը… Դրա համար էլ հենց տերերը հանկարծ հեռանում են մոտից, բռնում եմ ու… բուկը հուպ տալիս, խփում վարսավիրի հմուտ ձեռքով սարքված պրիչյոսկան քանդում ու մի լաաավ դնգստում: Բայց չմտածեք՝ միայն դնգստում եմ, բա ո~նց եմ դնգստվում, ըըը… դնգստվելն էլ է շան համար:
Գարուն է. անձրև, կիսացուրտ, ցեխաջրեր՝ դրսում եմ, վնգստալով վազում եմ կեղտակոլոլ փողոցներով, թեքուծուռ ճամփեքով, ըֆս-ըֆֆֆս, ըֆս, ըհը՝ ցանկալի կալբասը կամ պեռաշկու կրծած կտորը: Կյաժ Նունուշը միայն marciapiede –ով է գնում, տերերի ուղեկցությամբ, ու իրեն թվում է, թե ինքը վերջն է: Խելքին որ մի քիչ զոռ տա, գլխի կընկնի, որ ընդամենը մարիոնետկա է իր տերերի ձեռքին , որ շնչող խաղալիք է, որ նրանց իրն է, սեփականությունը: Է~, ո՞ւմն ես ասում, խելք ունի, որ մտնի: Բա էս կախպոչ իդոտին տե’ս՝ Ավչարկա Գերոյին, իրեն ի~նչ է երևակայում, ո՞ւմ տեղն է իրեն դրած ման գալիս, չի՞ ասում, որ ընդամենը հովվաշուն է: Շատ էլ միլիցեքի հետ է ֆռֆռում (չնայած միլիցեքից մի առանձնահատուկ եմ զզվում ), ուրեմն՝ արմատները մոռացվեցին, հա՞:
Ամառ է. շոգ, վառում-թափում է, փոշոտ փողոցներ, նեխած ցոգոլներ, մառոժնու լպստած մնացորդներ, անօդ օդ. հազիվ ոտերս քարշ եմ տալիս մինչև մոտակա մի ծառ կամ թուփ ու մի լավ խռմփում մինչև իրիկուն: Իրիկունը ընկնում եմ ճամփեքով, մեկ-մեկ բակերն էլ եմ մտնում, գո՞ւցե մի ուտելու բան գտնեմ ու մեկ էլ… Կյաժ Նունուշը ճեմում է, տերերը հովանոցը գլխին են պահել, գո՞ւցե հովհար էլ կա, չեմ տեսնում: Էս մեծ ու փոքր ջղերս իրար են խառնվում, “нервы большие, малененькие, многие. скачут бешенные”(ականջդ կանչի, Մայակովսկի ախպեր),  արյունը խփում է գլխիս ու հաչում եմ, ոոոոնց եմ հաչում՝ ուաու-հա~ֆ, ուաուաուհա~ֆ… Անմեղ մողավորը վախեցած է. վա~յ, սիրո’ւնս, մռո’ւթս, հանգստացիր, Միմի’, մի’ վախեցիր, ես կասեմ Վլադին, որ սրան խփել տա. դեռ ասում են՝ անտեր շները վնասակար չեն: Ո՞նց չէ…
Գըըըռռռմըռռռ… բա որ մի ճանապարհ էն կողմ էլ չեմ տեսնում էն կախպոչ իդոտին, որ իրեն Ռեքս է երևակայում,մտածում կինոյի շունն է, հեսա-հեսա մարդասպանին կբռնի կամ պաժառի միջից էրեխուն կփրկի… Ո~նց չեն հասկանում, որ իրենք ոչինչ են, որ իրենք ստրուկ են, որ միայն կամակատարներ են, որ իրենք չկան, զրո են…
Աշուն է. շուն ու աշուն, պիտի որ իրար հետ լավ լինեին, բայց արի ու տես, որ լավ չեն: Կյաժ Նունուշին թիկնոց են հագցրել, Միրանդա Քերն է դարձել, օ~յ, ոնց ուշքս չգնաց: Նունո’ւշ, ախր, մի քիչ շո’ւն եղիր, Շո’ւն, թե չէ լրիվ դեմքդ կորցրել ես , քիչ չէ հպատակ էիր, հիմա էլ դարձել ես burattino…
Բա Գերոյին տեսե~ք, գլխին միլիցու գլխարկ է դրել, հերթական անկապ “հերոսությունից” է գալիս: Գլուխը էնպես է ցցել, որ իրենից էն կողմ շուն չի տեսնում: Սա էլ մարդամոլական հովերով է, չի ասում, տո’, թող մի էդ մարդ կոչվածները քո հովերով ընկնեն… Ըֆֆըսս-ֆըըս…
Ձմեռ է. էս ձմեռը միանագամից հիշում եմ, որ ձմեռ է, ուրեմն՝ մեռ է, ամեն ինչ մեռ է: Մրսելու չափ ցուրտ է, սարսռելու չափ ցուրտ է, ոռնալու աստիճան ցոոոուրտ է, ստամոքսս ջղաձգվելու աստիճան սոված է, մարդ կուլ տալու աստիճան սոված, գալարվելու աստիճան սովվվված: Թաթս վիրավոր է, ե’ս վիրավոր եմ, ե’ս անտեր եմ, ինչպես միշտ, անտուն, ինչպես երբևէ: Կյաժ Նունուշը հիմա… գըըըռմըռռ… Ավչարկա Գերոյը հիմա…ըֆֆֆսսս, ուաուհաաաֆֆ…
Գարուն է… Ես կամ, ես կարողացա ևս մի մեռած ձմեռ անցկացնել: Ես տե’ր չունեմ, ինքս եմ իմ գլխի տերը, ես ազատ եմ, ես ես եմ: “«За вами придут! Но никто не приходит…”: Ինչո՞ւ, ինչո՞ւ ոչ ոք չի ուզում դառնալ իմ տերը. “«За вами придут! Но никто не приходит…”:

Ձեր Կարծիքը