Վերջնական Փուլ-11 Հասմիկ Հոխանյան

                                                               Ընտրություն

Թերևս, նոր բացահայտում արած չեմ լինի՝ ասելով, որ «մարշուտնի»  կոչեցյալ երթուղայինները կամ ավտոբուսները վաղուց մեր առօրյա կյանքի անբաժան մասն են կազմում: Լույսը բացվելուն պես մարդիկ ինչ-որ տեղ են շտապում՝ մեկը դասի, մյուսը աշխատանքի,իսկ երրորդը՝ ուր պատահի, իսկ նպատակակետին հասցնողը, իհարկե, մարշուտնին է: Շատերի համար դա պարզապես փոխադրամիջոց է, որոշ բծախնդիր ուղևորների համար՝ հասարակության վարք ու բարքի տիպիկ դրսևորման միջավայր. ինձ համար, այդ երկուսից զատ, այն յուրօրինակ անոնս է՝ կյանքի երկար ուղին իր մեջ ամփոփող:
Ներս մտնելուն պես՝ ուղևորի առաջին գործը՝ նստատեղի ընտրությունն է: Նա ընտրում է այն տեղը, որն առնվազը հաճելի ընթացք կապահովի: Իսկ այդ «հաճելին» ամեն ուղևորի համար իր չափանիշներն ունի: Երբևէ ուշադրություն դարձրե՞լ եք, թե որ նստատեղն եք դուք ընտրում երթուղային մտնելիս: «Դե որն ազատ է, էնտեղ էլ նստում ենք, էլի»,-կշտապեք պատասխանել: Այո՛, այո՛, դուք ճիշտ եք, բայց երբ հանգամանքները այլ են, երբ բոլոր նստարանները գրկաբաց ձեր ընտրությանն են սպասում, այդ դեպքում ինչպե՞ս եք վարվում: Երևի տարօրիանակ բան եմ հարցնում ու երբևէ չեք էլ մտածել ենթագիտակցորեն արված ձեր ընտրության մասին, անկեղծ ասած՝ ինքս էլ երբեք այդ մասին չէի մտածել, մինչ այն պահը,երբ առաջին անգամ, կատարեցի ոչ ինձ բնորոշ մի սխալ ընտրություն, որը, անշուշտ, խախտեց հաճելի ընթացք պարգևող ճանապարհի ընթացքը:
Առհասարակ, երթուղային մուտք գործելիս, առանց մի վայրկյան իսկ տատանվելու, ընտրում եմ միայնակ նստարաններից մեկը. սիրում եմ միշտ առանձնանալ, լինել ինքս իմ գուցե և անհեթեթ մտքերի աշխարհում:Դա դեռ բավական չէր,սկսեցի այնքան հաճույք ստանալ միայնությունից,որ ինքս ինձ համար հստակ որոշեցի,որ կյանքում ևս կարող եմ լինել միայնակ ու բոլորովին էլ չվհատվել այդ հանգամանքից,ինչպես շատերը կվարվեին նման պարագայում:Ավելին՝մտքիս ծայրով հասցրեց անցնել այն միտքը,որ դա հերթական անգամ ապացույցն է այն բանի,որ ես նման չեմ մյուսներին (Ախ այդ եսասիրությունը,որքան ենք սիրում մեզ առանձնահատուկ զգալ,հատկապես արվեստագետներս): Միայնակ ուղևոր լինելու առավելություններն ավելի հստակ ուրավգծվեցին ինձ համար հենց այն պահից, երբ միայնակ նստարանների զբաղված լինելու պատճառով, ստիպված եղա զբաղեցնել երկտեղ նստարան, որի երկու նստատեղներն էլ դեռ չէին գտել իրենց ուղևորին: Իհարկե նման պարագայում միշտ նախընտրում եմ պատուհանի կողմը նստել,որպեսզի գոնե ինչ-որ չափով կարողանամ ինձ առանձնացած զգալ՝ հերթական անգամ փորձելով թափանցել իմ իսկ մտքերի խորքը՝ համոզված լինելով, որ ոչին չի կարող փչացնել ինձ համար այնքան սիրելի երթուղայինի ընթացքը: Այնուամենայնիվ, առաջին իսկ ուղևորների ոտնաձայները սկսում են ինձ անհանգստացնել. սրտատրոփ սպասում եմ, թե տեսնես ով է լինելու իմ ուղեկից-կողակիցը: Անհանգստությունս փոխվում է հիասթափության,երբ քայլերը,որոնք հազիվ մոտեցած,արդեն հեռանում են՝ ինձ համակելով չընտրված լինելու տհաճ զգացումը,իսկ եսս դեռ հասցրել էր հիանալ իրենով: Ու հերթական անգամ համոզվում եմ, որ ինքնակամ միայնակ լինելու ընտրությունից ավելի լավ բան չի կարող լինել, չէ՞ որ այդ պարագայում երեբեք չես բախվի չիրականացված սպասումների տհաճ զգացողությանը:Իսկ երկտեղանի նստարանում ուզես-չուզես, ի վերջո՝ բախտի բերմամբ, թե պատահմամբ, կողքդ մեկը հայտնվելու է, և ոչ միայն մեկը, այլ միանգամից մի քանիսը, որովհետև մոտակա կանգառում յուրաքանչյուր նախորդը շտապում է լքել երթուղայինը, չհիշելով անգամ դեմքիդ  ուրվագիծը…
Ու թեև, այդ անգամ, քիչ-քիչ համակերպվել էի իմ ուղեկիցների չավարտվող հերթափոխին, բայց ինձ դուր չէր գալիս բախտի քմահաճույքով բաժին հասած ուղեկիցների երևույթը, չէ՞ որ նրանք հայտնվում են քո կողքին հենց այն պարզ պատճառով, որ ուրիշ ազատ տեղ չկա, բա հո կանգնած չեն մնալու… Չէ՛, երբեք չէի ցանկանա,որ իմ կողակիցը էդպես ինձ  բաժին ընկներ:

Իսկ ձեր դեմքերը,տեսնում եմ, արդեն հասցրեցին անտեղի կարեկցանքի արտահայտություն ստանձնել իմ միայնության նկատմամբ,բայց մի՛ շտապեք տխրել,չնայած  գիտեմ, որ դրանով շատերիդ  <<ախորժակին քացախ արեցի>> ,չէ՞ որ արդեն տրամադրվել էիք մի քանի թախծոտ տող որսալու ու արտասվելու՝ սեփական անհաջողություններից մի քանի տողը մոռացության մատնելու համար:Մոռացե՞լ եք  ինչ է, որ կյանքում չնախատեսված հաճելի անակնկալներ էլ  են լինում: Երբ գալիս է նախախնամության հերթական բարի չարաճճիությունն անելու պահը,նա չի զլանում մատուցել իր անակնկալը: Ով գիտե՞, գուցե՞ իմ ուղեկիցը լինի հենց այն մարդկանց շարքում, ովքեր նստարան չլինելու պատճառով կանգնած են մնացել: Եթե դա այդպես է, ես բնավ չեմ վարանի նույնիսկ իմ միտեղանի նստարանը կիսելու հենց այդ ուղևորի հետ: Չէ՞ որ, երբ երկու հոգի սիրում են միմյանց, միաձուլվում են, դառնում մեկ, իսկ այդ դեպքում մեզ մեկ նստատեղն էլ լրիվ կբավարարի, մի՛ մտահոգվեք:
Եվ մինչ ես իմ սխալ ընտրած նստարանի բեռն էի կրում, սկսեց անձրևել: Հետզհետե ավելացող կաթիլները, ասես զգալով, որ ես հարազատ մեկի կարիքն ունեմ, տկտկացնելով ավտոբուսի պատուհանին՝ սկսեցին շատախոսել՝ իրենց խոհերը կիսելով ինձ հետ: Որքա՜ն տարբեր են նրանք:Նրանք ևս, ինչպես ուղևորներս, սկսեցին կատարել իրենց ընտրությունը:Մեկը վախեցած կպել է ապակուն ու վախենում է ցած գլորվել, վախենում է այն մտքից, որ իր վերջին հանգրվանը կոյուղին կամ ջրափոսն է լինելու,նա այդ <<ախորժակով>>  չէր երկնքի բարձունքը լքել:Քանի անգամ էր մտքում համառորեն կրկնել.<<Եթե ջուր,ապա ամենասուրբը>>,-այսինքն մեռոնը,բայց քեզ լսողն ո՞վ է, հարգելի՛ս,դու հենց այն պահին ես ընկել,երբ լացել սիրող ամբոխը, հեռուստացույցի կապույտ էկրանը գրկած, ամենասրտաճմլիկ հեռուստասերիալն է դիտում ու ինչքան էլ բարձր բղավես,միևնույն է, քեզ ոչ ոք չի լսի: Իսկ,ահա, այս կաթիլը,պատուհանին ընկնելուն պես, շտապում է ցած գլորվել: Նա ինքնամոռաց գնում է դեպի իր վախճանը՝ հիմաբար ականջ դնելով հուսահատ ամբոխի այն պնդմանը, թե <<պայքարը անիմաստ է>>:Գտնվեցին նաև կաթիլներ,որ կամ չէին բարեհաճել երկնքում հստակ պայամանավորվել երկրի վրա հանդիպման մասին,կամ էլ ինչպես միշտ մեկն անպարտաճանաչ էր գտնվել:Ամեն դեպքում, ցավոք, արդեն շատ ուշ է որևէ անփութություն շտկելու համար, քանի որ կյանքում հնարավորությունը միայն մեկ անգամ է տրվում մարդուն կամ… կաթիլին: Իսկ վերջում ես ամենաերջանիկ մեղեդու պես ունկնդրում եմ այն փոքրաթիվ իրար միաձուլված զույգ կաթիլների զվարթ քրքիջները ու չընդհատվող սիրո խոստովանությունները: Ի՜նչ լավ է, երբ որոշ դեպքերում ճակատագիրը հրեշտակային բարություն է կիրառում…
Իսկ ես՝ միայնակ ուղևորս, կշտապեմ մոտակա կանգառում լքել ավտոբուսը,շարունակությունը թողնելով հաջորդ ուղևորին,որը չգիտեմ տեղս գրավելով կստանձնի՞ կաթիլների պատմությունները լսողիս դերը,թե՞ ինքն էլ կընկղմվի առանց այդ էլ գլուխը կարկտահարող դարդերի գիրկը:

_ Կանգառում կկանգնեք:

Ձեր Կարծիքը